«Բորա» փոթորիկը հարվածել է Հունաստանին, հորդառատ անձրևներից առաջացել են ջրհեղեղներ և սողանքներ։ Լեմնոս կղզում երկու մարդ է մահացել, բնակիչների համար վտանգավոր է դարձել Կոնտիաս գյուղի ամբարտակը:
Աղետն ազդել է նաև Հռոդոս կղզու վրա, վնասվել են ճանապարհներ, ավերվել են կամուրջներ: Երկուշաբթի դպրոցները փակ են, տեղի բնակիչներին հորդորել են փողոց դուրս չգալ։
Հարավային Էգեյան տարածաշրջանի նահանգապետն ասել է, որ Հռոդոսում 16 ժամ շարունակ չի դադարել անձրևը, և տեղումների ծավալը կազմել է 300 մմ, ինչը համարժեք է հոկտեմբերի վերջին Իսպանիայի Վալենսիա նահանգում մահացու ջրհեղեղի ժամանակ կուտակված ջրի ծավալի 80 տոկոսին:
«Բորա» փոթորկից տուժել է նաև մայրցամաքային Հունաստանը: Հաղորդվում է Սալոնիկում ավերածությունների մասին։
Մինչև երեքշաբթի վաղ առավոտյան հորդառատ անձրևներ են սպասվում Հունաստանի շատ շրջաններում։