Գիշերը, երբ հատուկջոկատայիններն ու ջրցան մեքենաները ցուցարարներին դուրս են մղել Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայից, գործին միջամտել է քրեական ոստիկանությունն ու առանց նույնականացման նշանների սև բալակլավներով մարդիկ։ Ձերբակալություններն իրականում տեղի են ունեցել պատահականության սկզբունքով։ Բռնել են մարդկանց մետրոյում, դեղատներում և այգիներում։ Առավոտյան, երբ ցուցարարները նահանջել են մայրաքաղաքի Վակե թաղամաս, ՆԳՆ հարյուրավոր աշխատակիցներ շարունակել են հետապնդումները նաև այնտեղ։ Ձերբակալվել են ընդդիմության առաջնորդներ, ինչպես նաև տասնյակ ցուցարարներ։ Միայն երեկ ձերբակալվել է 24 քաղաքացի, այսպիսով, չորս օրվա ընթացքում մայրաքաղաքում 224 ցուցարար է ձերբակալվել՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքներով։ Վերջին բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ՆԳՆ 113 աշխատակից, նրանցից չորսը դեռ բուժհաստատություններում են։
Ըստ տեղեկությունների՝ Ռուսթավելու պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հեռացվել են բարիկադներն ու աղբը, երթևեկությունը վերականգնվել է։
Որոշ ցուցարարներ փորձել են փակել Ճավճավաձեի պողոտան, սակայն ոստիկանները շատ են, և ձերբակալությունները շարունակվում են։
Վրաստանի բազմաթիվ դպրոցներում աշակերտները դասադուլ են հայտարարել և հրաժարվում են դասարաններ մտնել, քանի դեռ ցուցարարները չեն ազատվել, իսկ ոստիկանությունը՝ չի դադարեցրել բռնությունը: Արդեն հայտնի է երկրում յոթ նման ուսումնական հաստատությունների մասին։