Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայից ժամանել է Անկարա, որտեղ հանդիպումներ կունենա Թուրքիայի իշխանությունների հետ։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արաղչին ասել է.
«Բաշար ալ Ասադի հետ կարծիքներ արդյունավետ փոխանակեցինք։ Ես հստակ հայտարարեցի Իրանի լիակատար աջակցությունը Սիրիայի նախագահին, կառավարությանը, ժողովրդին, բանակին: Անցյալում ավելի դժվար ժամանակներ են եղել, երբ ԻԼԻՊ-ը և այլ կազմակերպություններ Սիրիան ներքաշեցին քաղաքացիական պատերազմի մեջ, սակայն նրանց դիմակայեցին: Այժմ նրանք նորից առիթ են գտել և կարծում են, որ սիոնիստական ռեժիմի` Լիբանան և Պաղեստին ներխուժման հետևանքով առաջացած պայմանները, ինչպես նաև տարածաշրջանում իրադրությունը լավ հնարավորություն են` բեկում մտցնելու համար»։
Իրանի արտգործնախարարը ընդգծել է, որ դա սխալ հաշվարկ է, և սիրիական բանակն ու կառավարությունն ի վիճակի են հաղթահարել դրանք, դիմադրության խմբերն օգնում են նրանց, իսկ Իրանը կտրամադրի ցանկացած անհրաժեշտ աջակցություն։