Վրացական ընդդիմության կողմնակիցները երկուշաբթի երեկոյան հերթական հանրահավաքն են անցկացնում երկրի խորհրդարանի մոտ: Մի քանի հազար մարդ է շարժվել դեպի Թբիլիսիի խորհրդարանի շենք՝ հակակառավարական ցույցին մասնակցելու։ Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ցուցարարներն արդեն փակել են Ռուսթավելու պողոտան, որտեղ գտնվում է օրենսդիր մարմնի շենքը։ Նրանց ձեռքին Վրաստանի և ԵՄ դրոշներն են, ինչպես նաև կառավարության հրաժարականի և խորհրդարանի կրկնակի ընտրություն անցկացնելու պահանջով պաստառներ։ Մինչ հանրահավաքի մեկնարկը, ուսանողները երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք։
Ցուցարարները սկսել են հարվածել օրենսդիր մարմնի գլխավոր մուտքի մոտ տեղադրված մետաղական ցանկապատին։
Խորհրդարանի մոտ ոստիկանական մեծ ջոկատներ են հերթապահում. դրանք գտնվում են ինչպես շենքի հետևում, այնպես էլ դրա երկու կողմերում։
Վրացական ԶԼՄ-ները տեղեկացնում են նաև, որ այսօր Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի մարտավարական պատրաստության ծառայության ավագ հրահանգիչ Գիորգի Գաբեխաձեն սոցցանցում գրառում է կատարել, որում հայտնում է, որ հրաժարվում է զբաղեցրած պաշտոնից։
Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին էլ բացարձակապես անընդունելի է համարել, երբ Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը գերազանցում է իր իրավասությունները։ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցների գործողությունները նա անվանել է «վայրագություն»։ Իոսելիանիի խոսքով՝ երբ որոշակի մարդիկ չեն պատժվում նման իրավախախտումների համար, դա ավելի «դաժան» հետևանքներ է ունենում։