Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ քաղաքացիների բողոքը, որը շարունակվում է արդեն 4 օր, դուրս չի գալիս Սահմանադրության շրջանակից:
Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է նաև, որ ընդդիմադիր ուժերի հետ կնքվել է «ազգային համաձայնություն» այն մասին, թե ինչ է պետք անել ստեղծված իրավիճակում:
Համաձայնության առաջին կետը այն մասին է, որ երկիրը չի գնում դեպի Ռուսաստան, այլ գնում է Եվրոպա:
«Այդ բողոքը և բոլոր մյուս գործողությունները մնում են Սահմանադրության շրջանակում: Մենք հասարակություն ենք՝ մեր քաղաքացիական նախաձեռնություններով, մենք Սահմանադրության կողքին ենք, պաշտպանում ենք Սահմանադրությունը և այս երկրի ապագան:
Հակառակը՝ իշխող կուսակցությունն իր յուրաքանչյուր քայլով դուրս է գալիս Սահմանադրության շրջանակից, խախտում է այն անգամ իր վերջին որոշումներով»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։
Նա նաև հայտարարել է, որ քաղաքացիական բողոքը պետք է մնա այն տեսքով, որն ունի՝ իր սպոնտանությամբ, ինքնակազմակերպվածությամբ:
Վրաստանի նախագահի խոսքով՝ այն չի պահանջում քաղաքական միջամտություն, այլ նրան անհրաժեշտ է աջակցություն ու պաշտպանություն: