Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Եվրամիության հետ կապված որոշման պատճառով առաջացած բողոքը ցույց է տալիս՝ երկրում «կարդացածն ընկալելու լուրջ խնդիր» կա։ Վարչապետը նրանց, ովքեր դժվարանում են հասկանալ, թե ինչ են կարդացել կամ լսել, քննարկում է առաջարկում:
Ըստ Կոբախիձեի՝ քննարկման համար հույսը փոքր է, քանի որ մի քանի ամիս առաջ, երբ հասարակության ներկայացուցիչներին առաջարկվեց քննարկել «օտարերկրյա գործակալների օրենքը», նրա ձևակերպմամբ՝ «ակտիվացավ լիբերալ ֆաշիզմը, և բոլորին արգելվեց մասնակցել քննարկմանը»:
Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաև ընդդիմությանը՝ չբացառելով, որ իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ որոշ ուժեր անօրինական ճանաչելու համար:
«Նրանք բացահայտորեն դեմ են արտահայտվել Վրաստանի սահմանադրական համակարգին, ինչն էլ ուղղակի հիմք է ստեղծում՝ դիմելու Սահմանադրական դատարան և ընդդիմադիր կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար: Տեսնենք՝ ինչպես կզարգանան գործընթացները: Ամեն ինչ մեր ձեռքերում է»,- ասել է Կոբախիձեն։
Թբիլիսիում արդեն 4 օր է՝ շարունակվում են բողոքի ակցիաները՝ Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի սառեցման որոշման դեմ: Գիշերը ակցիաներն ուղեկցվել են իրավապահների և ցուցարարների միջև բախումներով: Ակցիաների մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ, կիրառել են հրագործական արտադրանք։ Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ: Կեսգիշերն անց՝ ժամեր շարունակվող ընդհարումից, բախումներից հետո, ոստիկանությանը հաջողվել է ցուցարարներին հեռացնել խորհրդարանի շենքից:
Առավոտյան Ռուսթավելու պողոտայից ցուցարարները հեռացել են, երթևեկությունը՝ վերականգնվել։
Մանրամասները՝ տեսանյութում: