ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը Մոսկվայի կառավարության հրավերով որպես վերականգնման միջազգային փորձագետ մասնակցել է «Պրոռեստավրացիու-2024» մշակութային ժառանգության պահպանությանը միտված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է «Հայկական որմնանկարչության պահպանությանը և վերականգնմանը միտված խնդիրները» թեմայով զեկույց՝ հանրահռչակելով ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ գեղանկարչության հուշարձանները, անդրադարձ կատարելով պահպանությանն ու վերականգնմանը միտված լիազոր մարմնի կողմից իրականացված աշխատանքներին։
Միաժամանակ, զեկույցում միջազգային փորձագետներին ու լայն հանրությանը ներկայացվել են ՀՀ-ում և այլ երկրներում գտնվող հայկական եկեղեցիներում պահպանված որմնանկարները, տարիների ընթացքում որմնանկարների վերականգնման նպատակով առաջացած խնդիրների լուծումները Հայաստանում, իտալացի, իսկ վերջին տարիներին նաև հայ և ռուս մասնագետների համագործակցությունը որմնանկարների պահպանության և վերականգնման ուղղությամբ։
Զեկույցի ավարտին այլ երկրների փորձագետների հետ քննարկվել են բազմաթիվ հարցեր Հայաստանի որմնանկարների վերականգնման ուղղությամբ: Թեման հատուկ կարևորվել է իտալացի, չինացի, ռուս մասնագետների կողմից: Վերջիններս կարևորել են որմնանկարների պահպանության գործում ԿԳՄՍ նախարարության՝ հետևողականորեն իրականացրած աշխատանքները:
Մոսկվայի կառավարության կողմից հրավիրված «Ռեստարտ» ՍՊԸ տնօրեն, որմնանկարների վերականգնող մասնագետ Ավետիս Ստեփանյանը ևս հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով 2024 թվականի ընթացքում վերոնշյալ ՍՊԸ-ի կողմից իրականացված Արագածոտնի մարզի Թալինի տաճարի 7-րդ դարով թվագրվող և Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու (17-րդ դ․) որմնանկարների վերականգնման ընթացքը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագիտական հանրության համար։
Միաժամանակ, հայաստանյան պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վերականգնման բաժինների ուսանողների՝ տեղում իրականացվող գործնական աշխատանքներին։
Միջոցառման շրջանակում Մոսկվայի կառավարության կողմից այցելություններ են կազմակերպվել վերականգնվող կամ վերականգնված հուշարձաններ («Դեպո․ Տրի վակզալա», Մոնոդևիչի տաճար, Կրասնիյե վառոտա, Պոկրովի Սբ Աստվածածնի տաճար, Նարկոմֆինի շենք և այլն), ինչպես նաև մասնագիտական վերականգնման ինստիտուտներ (Ակադեմիկոս Ի․ Գրաբարի անվան համառուսաստանյան վերականգնման ինստիտուտ, Կրեմլի թանգարան և այլն)։
Քննարկվել են հնարավոր համագործակցության տարբերակները ինչպես ռուս, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչների հետ։