Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ:
Ինչպես հայտնում են ֆինանսների նախարարությունից, Վահե Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնավարման կապակցությամբ, այնուհետև կողմերն անդրադարձել են Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի աշխատանքներին, ինչպես նաև քննարկել Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի շրջանակներում հնարավոր համագործակցությունը:
Վահե Հովհաննիսյանը հատուկ ընդգծել է Գերմանիայի ֆինանսների նախարարության հետ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու և նոր նախաձեռնություններով երկկողմ կապերը զարգացնելու կարևորությունը։