Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության նորանշանակ դեսպան Համուդ Ալ-Թովայային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք իր առաքելության ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Օմանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հսկայական ներուժն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումներին: