Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Սարգիս Ղարաքեշիշյանից և նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-
Երևան քաղաքում գտնվող 1 բնակարան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքում գտնվող 4 անշարժ գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները.
-
4 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները.
-
1 իրավաբանական անձում մասնակցություն.
-
7 միլիոն դրամի 2 ավանդային միջոցներ.
-
Շուրջ 45 միլիոն դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ.
-
215,5 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: