Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը մաղթել է բեղմնավոր աշխատանք և արդյունավետ համագործակցություն: Կողմերը քննարկել են փոխգործակցության շարունակականությանը միտված մի շարք առաջնահերթություններ:
Մտքեր են փոխանակվել դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացվող աշխատանքների շուրջ: Սրբուհի Գալյանը կարևորել է քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կարողությունների բարձրացմանն ուղղված Նիդերլանդների Թագավորության աջակցությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացներում» ծրագրին առնչվող հարցերին: Միջազգային գործընկերների հետ ջանքերի մեկտեղման և ծրագրային օրակարգեր սահմանելու հարցում նախարարն սկզբունքային է համարել կարիքի ճիշտ ձևակերպման անհրաժեշտությունը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել երկկողմ համագործակցությունը՝ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը հասցնելով նոր մակարդակի: