Այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի Այգեվանի մանկապարտեզի բացման արարողությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
30 տարվա դադարից հետո նորակառույց մանկապարտեզն այսօրվանից կսկսի գործել։
Բացման միջոցառմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը։
Մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։ Այս պահին մանկապարտեզ է հաճախում 110 երեխա։
Մանկապարտեզն ունի ժամանակակից, գունավոր, մեծ խաղաղահրապարակ՝ արհեստական խոտածածկով, արևային ֆոտովոլտային կայան, ապաստարան՝ հագեցած ժամանակակից օդափոխության և ավտոնոմ էլեկտրական սնուցման համակարգերով:
Մանկապարտեզն ապահովված է ջրամատակարարման և ոռոգման համակարգերով։
Մոդուլային մանկապարտեզի պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է։ Ծրագրի արժեքը՝ 839 մլն դրամ։ Շինարարությունը մեկնարկել էր 2022 թվականի աշնանը։