Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) Հայաստանի պարադահուկավազքի (LW6) պատմության մեջ առաջին անգամ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ դասական ոճ մրցատարածությունում։ Վարկանիշային մրցաշարի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել նաև սպրինտ մրցաձևում, որտեղ հաղթահարելով որակավորման փուլը՝ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Գարիկ Մելքոնյանն առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի և նվաճել Հայաստանի՝ պարադահուկավազքում երբևէ վաստակած առաջին մեդալը։
Մելքոնյանը մրցավայր է մեկնել մարզիչ Թադևոս Պողոսյանի հետ: Նախքան մրցաշարը նրանք մասնակցել են Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին, ինչպես նաև մարզիչների ուսուցման և վերապատրաստման դասընթացին՝ նորվեգացի և իտալացի լավագույն մասնագետների առաջնորդությամբ։
Հաջորդիվ Գարիկ Մելքոնյանը կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ, ի դեպ, հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկված լինելու, ինչպես նաև փետրվար-մարտ ամիսներին Նորվեգիայում կայանալիք պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը։
Գարիկ Մելքոնյանը նախապատրաստվում է 2026 թվականին Միլանում և Կորիտինայում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերին: