ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել և դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող մի շարք նախագծերի: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և լրացումները խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել:
Վաչե Քալաշյանի ներկայացմամբ՝ քննարկվել են նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:
Մեկ բովանդակային և երկու տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել: Ըստ այդմ՝ մեկ կիսամյակով կատարողականի բացասական գնահատականի դեպքում պաշտոնից ազատելու կարգավորումը Կառավարության կողմից վերանայվել է. պաշտոնանկության հնարավորությունն առաջարկվում է կատարողականի երկու կիսամյակային գնահատականի բացասական միջինի առկայության պարագայում:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկներ է հնչեցրել, որոնք, մասնավորապես, վերաբերել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քաղաքացիական ծառայության առանձնահատկություններին: Վաչե Քալաշյանը նշել է, որ առաջարկներն ընդունելի են:
Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և կից օրենքներում նախատեսվող լրացումները ևս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ:
Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն եղել:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի ու «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում առաջարկվող լրացումների քննարկումները: