Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում նոյեմբերի 28-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նավուրի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատումներ են կատարվում: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու պահին հայտնաբերել և բաժին են ներկայացրել Գանձաքար գյուղի բնակիչ 50-ամյա և 28-ամյա երկու տղամարդու: Նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և նշված տարածքում մատնանշել ապօրինի հատված 18 թաց կանգուն ծառերի կոճղեր: Հայտնել են նաև, որ ապօրինի ծառահատումը կատարել են նոյեմբերի 25-28-ն ընկած ժամանակահատվածում, իսկ փայտանյութի մի մասն արդեն տեղափոխել են 50-ամյա տղամարդու առանձնատան տարածք: Նշված տարածքում հայտնաբերվել է նաև «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա՝ բենզասղոցը սրահում:
Տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Բերդի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: