Դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի խոսքով՝ տարածաշրջանում և աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում: «Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքի ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակները, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին օղակի»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է զեկուցողը և հավելել, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում մեր երկրի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու և լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց` ավելի լավ աշխատելու և կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաև ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար` բարելավելով դիվանագետների ծառայության վարձատրության պայմանները և բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը:
Ըստ Մնացական Սաֆարյանի` ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը և պատասխանատվությանը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է` մասնագիտական բարձր որակավորում և բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Նշվել է, որ համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում` ելնելով վարձատրվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից:
Արտաքին գերատեսչության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար հավելավճարները սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափն աճում է 1 տոկոսով: «Դիվանագիտական աստիճանները դիվանագետներին շնորհվում են Արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա և հանդիսանում են դիվանագետի պաշտոնային առաջխաղացման հիմքը»,- բարձրաձայնել է փոխնախարարը:
Օրենքի համաձայն` պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Մնացական Սաֆարյանի խոսքով՝ օրենքով նաև նախատեսված են բացառություններ մի շարք պաշտոնների համար, որոնց վրա չի տարածվում հավելավճարի 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը:
Նշվել է, որ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայումս օրենքում վերոնշյալ բացառության մաս չեն կազմում: Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառություններում ներառել նաև «դիվանագիտական ծառայություն» և «դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս» ձևակերպումները»
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է համակարգում առկա խնդիրների մասին, կարևորել նախագծի ընդունումը: Պատգամավորի կարծիքով՝ դիվանագետը պետք է ունենա արժանի վարձատրություն, ինչը հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ զբաղվել դիվանագիտական ծառայության գործառույթներով:
Նախաձեռնությունը քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: