Մայրաքաղաք ներկրված նոր տրոլեյբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով պատրաստվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որով նախատեսվում է փակել համար 2Ա և 10Ա երթուղիները: Նախկինում գործող 2Ա երթուղին կշահագործվի 2 համարի տակ, ուղեգիծը կերկարացվի մինչև Նուբարաշեն, այն կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով, կավելացվի երթուղում շարժակազմի քանակը 5 միավորով՝ սահմանելով 13 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
«Նախկինում գործող 10Ա երթուղին կսպասարկվի «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներով 10 համարի տակ: 6 միավորով կավելացվի երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 11 րոպե:
Ավելացված շարժակազմի հաշվին 2 միավորով կավելացվի համար 1 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 10 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե: 2 միավորով կավելացվի համար 9 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 10 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե: 2 միավորով կավելացվի նաև համար 15 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 7 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 13 րոպե: Նշված փոփոխություններն ուղղակիորեն կնպաստեն սպասարկման որակի բարձրացմանը»,- զեկուցեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ներկրվող ավտոբուսներին, ապա այժմ դրանց մաքսազերծման աշխատանքներն ավարտական փուլում են, ապա կլինի կառավարության որոշում, նախագիծը կդրվի շրջանառության մեջ, և սահմանված ժամկետում սպասարկումը կիրականացվի:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հաջորդ տարի դրված է նաև կառավարման կենտրոնի ծրագրի հարցը, այդ հարցում Լոս Անջելեսի տրանսպորտի դեպարտամենտի գործընկերների աջակցության կարիքն է լինելու:
Ավինյանը նաև կարծիք հայտնեց, թե տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնի մասին երևանցիները մի փոքր սխալ պատկերացում են կազմել, ուստի որոշեց մանրամասնել:
«Տրանսպորտային հոսքերի կառավարման կենտրոնը ոչ միայն Երևանի հանրային տրանսպորտի հոսքերի կառավարման կենտրոնն է, այլև Երևան քաղաքում առհասարակ բոլոր տրանսպորտային միջոցների համար նախատեսված կառավարման կենտրոնն է, որի լավ փորձն ունի Լոս Անջելեսը: Մեր տրանսպորտային համակարգն էականորեն տարբերվում է և տեխնոլոգիաներով նույնպես տարբերվելու է, որովետև մենք, այնուամենայնիվ, տեսախցիկներ և GPS համակարգեր ունենք օգտագործելու, բայց կառավարման ալգորիթմների մասով մեր գործընկերները կարող են մեզ օգնել: Ես պետք է խնդրեմ Լոս Անջելեսի քաղաքապետին՝ իրենց փորձառությամբ կիսվեն մեզ հետ»,- ասաց Ավինյանը: