Փողոցային բառապաշար, երեխաների մասնակցությամբ հակա-սոցիալական վարք, անչափահասների կողմից ծխախոտի օգտագործում. քրեական ենթամշակույթի մի ամբողջական համալիր են մասնագետները նկատել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի դրվագներում: Հատկանշական է, որ դեռ միայն հատվածներ են հասանելի լայն հանրությանը. թե ամբողջական ֆիլմում ինչ նոր ցնցող տեսարաններ կհայտնվեն, դեռ անհայտ է:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս անգամ փորձել է ավելի վաղ կանխել ֆիլմի հնարավոր հետևանքները, դիմել իրավապահ մարմիններին: Գլխավոր դատախազությունը սահմանված կարգով ընթացք է տվել դիմումին: Գերատեսչությունում ամեն դեպքում տեսականորեն չեն բացառում, որ ֆիլմի հեղինակները ցանկացել են իրենց պատկերացումներով ցույց տալ այդ ենթա-մշակույթում քարոզվող արժեքների ողբերգական հետևանքները, սակայն նախարարության մասնագետները վստահ են՝ քարոզչության այս տարբերակը ի սկզբանե սխալ ընտրություն էր:
Գոռ Վարդանյանը ևս հարցազրույցներում վստահեցրել է՝ ֆիլմը դաստիարակչական է, նպատակը՝ երեխաներին հետ պահել քրեական աշխարհում հայտնվելու գայթակղությունից: Այնինչ, կինոգետներն այլ մոտեցում ունեն:
Կարծիքները Աննա Զախարյանն է ամբողջացրել: