Վրաստանում ակցիայի մասնակիցները շարունակում են իրենց բողոքը Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ՝ Ճավճավաձեի պողոտայում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նրանք փակել են ճանապարհները:
Ինչպես հայտարարել է «Կոալիցիա հանուն փոփոխությունների» միավորման առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն, բողոքը շարունակվելու է:
Հատուկջոկատայինները ցուցարարների դեմ մի քանի անգամ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել դեկտեմբերի 1-ի գիշերը: Բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի պրոդյուսերը:
Հիշեցնենք՝ նախօրեին ցուցարարները հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, սակայն նրանց այդտեղից ուժայինները հեռացրել էին:
Ցուցարարները գիշերել էին Ռուսթավելու պողոտայում, սակայն առավոտյան նրանց հատուկջոկատայինները հեռացրել են այդ տարածքից: