Սիրիայում մարտերը չեն դադարում: Օրերս Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում, գրավել տասնյակ բնակավայրեր: ԶԼՄ-ների տվյալով՝ զինյալներն արդեն Հալեպի կենտրոնում են և վերահսկողության տակ են վերցրել պետական մի շարք կառույցներ, ինչպես նաև Հալեպի օդանավակայանը: Սիրիական բանակը քաղաքի հիմնական շրջաններից ժամանակավորապես դուրս գալու մասին հրաման է ստացել: Զինված ուժերից հայտնել են, որ Հալեպից հետ են քաշվել՝ հակահարձակում նախապատրաստելու համար: Բախումներ են նաև Իդլիբում: Հայտնի է կողմերի հարյուրավոր զոհերի մասին, քաղաքացիները զանգվածաբար տարհանվում են: Սիրիական կառավարական ուժերին աջակցություն են տրամադրում ռուսական ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները: Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Հալեպում Թեհրանի հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել: Գերատեսչությունը խոստացել է արձագանքել տեղի ունեցածին: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցում Հալեպում բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։