Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր երկրի մտադրությունը։ Նա լրագրողներին ասել է, որ Նիկոսիան Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում դաշինքին միանալու ուղիների շուրջ։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիայի առարկությունների պատճառով, երկրի բանակին զրկում է ինչպես արդիականացման, այնպես էլ ռազմական տեխնիկայի ձեռքբերման բազմաթիվ հնարավորություններից։
Խրիստոդուլիդիսը Կիպրոսի հիմնական առավելությունը համարել է կղզու աշխարհագրական դիրքը «առանձնահատուկ աշխարհառազմավարական նշանակություն ունեցող տարածքում»: Նա նաև հաստատել է, որ կղզու ռազմածովային և օդային բազաների արդիականացման որոշումներն արդեն ընդունվել են, և որ Կիպրոսը բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ՝ ռազմածովային օբյեկտների և ԱՄՆ-ի հետ՝ օդային ուժերի վերաբերյալ։
DW-ն նշում է, որ Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է կարևոր նախադեպ դառնալ: Դաշինքի կանոններով՝ չլուծված տարածքային խնդիրներ ունեցող պետությունը չի կարող ընդգրկվել կազմակերպության մեջ։ Կիպրոսի Հանրապետությունը վերահսկում է համանուն կղզու մոտ 60%-ը, որի մնացած մասը օկուպացված է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կողմից։ ՆԱՏՕ-ին Կիպրոսի հաջող անդամակցության հեռանկարներն ուղղակիորեն կախված են Կիպրոսի հակամարտության կարգավորումից և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումից։