Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ափսոսանք են հայտնել Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունները մինչև 2028 թվականը հետաձգելու՝ Վրաստանի կառավարության որոշման կապակցությամբ։
«ԵՄ անդամակցության գործընթացն առաջ մղելու այս պատմական հնարավորությունից օգտվելու փոխարեն, Վրաստանը թույլ է տալիս, որ իր ժողովրդավարությունը շարունակաբար նահանջի»,- ասվում է փաստաթղթում։
Այն նաև դատապարտում է «խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումը»։
Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագները մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Դաշնային Հանրապետության կառավարությունը մեծ մտահոգությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Եվ եթե երկիրը որոշի վերադառնալ բանակցությունների ուղի, ապա ԵՄ դուռը բաց է Վրաստանի համար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ երկրի իշխանությունները կարող են արտգործնախարարություն կանչել Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկուն, եթե «նրա վարքագծի մեջ փոփոխություններ չտեսնեն»։
Կոբախիձեն պարզաբանել է, որ Հերչինսկին ներգրավված է եղել ընդդիմության նախընտրական արշավում, ինչը «կոպիտ միջամտություն է երկրի ներքին գործերին»։ Հերչինսկին նաև տխուր է անվանել Վրաստանի իշխանությունների որոշումը՝ դադարեցնել ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունների մեկնարկի շուրջ քննարկումները։