Լիբանանը պետք է նախագահ ընտրի Իսրայելի հետ 60-օրյա հրադադարի ընթացքում՝ որպես համաձայնագրի մաս։ Այդ մասին հայտնում է էմիրաթական The National թերթը՝ հղում անելով լիբանանյան հետախուզական ծառայությունների աղբյուրներին:
«Հունվարի 9-ին ես նիստի օր կնշանակեմ նախագահի ընտրության համար»,- ասել է Պատգամավորների պալատի խոսնակ Նաբիհ Բերրիին։ Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր է մնացել 2022 թվականի հոկտեմբերի 31-ից, երբ գեներալ Միշել Աունը լքեց Բաաբդա նախագահական պալատը իր կառավարման վեցամյա ժամկետի ավարտից հետո։ Հունիսի 14-ին խորհրդարանի պատգամավորները հանրապետության ղեկավար ընտրելու 12-րդ փորձ են կատարել, սակայն թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել ստանալ հաղթանակի համար պահանջվող ձայները՝ 128-ից 65-ը։
Համաձայն 1943 թվականին Քրիստոնյաների և մուսուլմանների միջև ընդունված Լիբանանի պետական կառուցվածքի դավանաբանական սկզբունքների մասին ազգային դաշնագրի՝ երկրի նախագահ է ընտրվում մարոնիտ քրիստոնյան, վարչապետ՝ սուննի մահմեդականը, իսկ խորհրդարանի նախագահ՝ շիա մահմեդականը: Նախագահի բացակայության դեպքում պետական իշխանությունը պատկանում է վարչապետին և նրա կաբինետին: Սակայն Նաջիբ Միքաթիի ժամանակավոր կառավարությունը սահմանափակ լիազորություններ ունի, ինչը խորացնում է Լիբանանի քաղաքական ու տնտեսական ճգնաժամը: