Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հակակառավարական ցույցի ժամանակ վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ ավելի քան 30 աշխատակից։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: ՆԳՆ-ն հայտնում է նաև, որ հակակառավարական ցույցը ցրելու ժամանակ բերման է ենթարկվել 43 ցուցարար։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բյուջետային բոլոր դրամաշնորհներից։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ պատճառը ԵՄ-ի մշտական շանտաժն է՝ կապված անդամակցության երկխոսության մեկնարկի, խորհրդարանի ընդունած մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու պահանջների և Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի հետ։
Կոբախիձեի հայտարարությունն առաջացրել է բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, որոնք հինգշաբթի սկսել են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։ Հանրահավաքը վերաճել է ոստիկանների հետ ծեծկռտուքի, ինչի արդյունքում վիրավորվել են իրավապահներ, ցուցարարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հատուկջոկատայինները ցրել են ցուցարարներին: