Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները քննարկում են Իսրայելին հնարավոր զիջումները։ Դրանցից մեկը Իսրայելին թույլ կտա գոնե ժամանակավորապես պահպանել իր ներկայությունը Եգիպտոսի և Գազայի սահմանային գոտում՝ Ֆիլադելֆիայի միջանցքում։ Այնուամենայնիվ, ՀԱՄԱՍ-ը հրապարակայնորեն չի ընդունում Իսրայելի ցանկացած երկարաժամկետ վերահսկողությունն այդ տարածքի հանդեպ, գրում է New York Times-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին կփորձի հասնել հրադադարի Գազայի հատվածում և պատանդների ազատ արձակմանը։
Սակայն, պարբերականի որոշ զրուցակիցների կարծիքով, Իսրայելը շահագրգռված չէ զիջումներով։ Նախքան ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշումը փոխելը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ըստ երևույթին, սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարմանը, ասել են ամերիկացի պաշտոնյաներ:
Միևնույն ժամանակ, թերթը գրում է, որ անկախ հանձնաժողովը վերջերս Իսրայելի ղեկավարությանը, ներառյալ Նեթանյահուին, մեղադրել է սխալների համար, որոնք հանգեցրել են ՀԱՄԱՍ-ի հարձակմանը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին: Նշվում է, որ հանձնաժողովը ստեղծել են հարձակումից փրկվածների, զոհերի ու առևանգված իսրայելցիների հարազատները։