ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովվել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումներից՝ դրանք անվանելով «սարսափելի»։ Ըստ նախագահի՝ դա ևս մեկ անգամ հիշեցնում է ուկրաինացի ժողովրդին աջակցելու հրատապության և կարևորության մասին՝ նրա պաշտպանության գործում։
Գիշերը Ռուսաստանը նոր համակցված հարձակում է ձեռնարկել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա՝ օգտագործելով ավելի քան 90 հրթիռ: Այս թիվը հաստատել են և Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա պնդել է, որ դա պատասխան հարված է Ռուսաստանում թիրախների դեմ ATACMS հրթիռների կիրառմանը: Պուտինը նաև սպառնացել է «Օրեշնիկ» հրթիռով հարվածել Կիևի «որոշումներ կայացնող կենտրոններին»։
Ղազախստանում ՀԱՊԿ գագաթնաժողովում ՌԴ նախագահն ասել է, որ «Օրեշնիկ» հրթիռը, որն առաջին անգամ արձակվել է Ուկրաինայի վրա, կրում է վեց մարտագլխիկ և կարող է շարժվել ձայնի արագությունից 10 անգամ ավելի արագ: Պուտինը նաև հայտարարել է, որ այն չեն կարող որսալ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ մի քանի «Օրեշնիկ» հրթիռի միաժամանակյա կիրառումն իր կործանարար ուժով համեմատելի է միջուկային հարվածի հետ, թեև «Օրեշնիկը» զանգվածային ոչնչացման զենք չէ: