Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Սամարղանդում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 57-րդ նիստին:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:
Իր խոսքում նա շեշտադրել է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակումը, որով առաջարկվող առանցքային փոփոխություններից է ՄՊՀ-ին սպառողների հավաքական շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորությունների վերապահումը:
Անդրադարձ է կատարվել նաև հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկայից ուշագրավ օրինակների՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության և այլ դրսևորումներով:
Խորհրդի նիստին նախորդել է Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստը, որի շրջանակում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր: