Վրաստանը մտադիր է շարունակել այն պրագմատիկ քաղաքականությունը, որ վարում է Ռուսաստանի նկատմամբ՝ նոր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարևապետ Իրակլի Կոբախիձեն:
«Պրագմատիկ քաղաքականությունը խաղաղությունը պահպանելու և մեր ռազմավարական շահերը պաշտպանելու կարևորագույն գործիքներից մեկն է։ Վրաստանի և Ռուսաստանի հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթությունների թվում է: Գոյություն ունեն կարմիր գծեր, որոնք մենք հատել չենք պատրաստվում։ Դրանցից առանցքայինը մեր տարածքների ապաօկուպացիան է»,- նշել է Կոբախիձեն:
Վրաստանի վարչապետը իր խոսքում շեշտել է, որ Եվրամիությունը պետք է ապացուցի, որ հարգում է Վրաստանի արժանապատվությունը, և որ Թբիլիսիի ուղին դեպի Եվրամիություն նույնպես սկզբունքորեն կարևոր է կառույցի համար:
«Առջևում ունենք մոտ 6 տարի, մեր նպատակն է մինչև 2030 թվականը դառնալ Միության անդամ: Եվրամիությունն ունի իր պայմանները, և մենք պետք է դրանք հաշվի առնենք սկզբից մինչև վերջ։ Բնականաբար, մենք պատրաստ ենք հաշվի առնել բոլոր այն պայմանները, որոնք չեն հակասում մեր երկրի ազգային շահերին»,- ասել է Կոբախիձեն: