Իսրայելն ու «Հըզբոլլահը» հրադադարի ուժի մեջ մտնելուց մեկ օր անց միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման համար:
Իսրայելական կողմը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավում «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար օգտագործվող օբյեկտին: «ՑԱՀԱԼ-ը տեղակայվել է Լիբանանի հարավում, գործում և կասեցնում է հրադադարի մասին համաձայնագրի ցանկացած խախտում»,- նշել է իսրայելական կողմը:
Բացի դրանից՝ իսրայելական տանկերը գնդակոծել են Լիբանանի հարավում գտնվող վեց շրջան, երկու մարդ վիրավորվել է: Իսրայելի իշխանությունների հայտարարության համաձայն՝ հարվածներն ուղղված են եղել ավտոմեքենաներով Լիբանանի հարավային շրջաններ ժամանածներին, որոնք խախտել են հրադադարի պայմանները:
«Հըզբոլլահի» ներկայացուցիչ Հասան Ֆադլալլան էլ Իսրայելին է մեղադրել հրադադարը խախտելու համար՝ հայտարարելով, որ իսրայելական զորքերը հարձակվում են սահմանամերձ գյուղեր վերադարձող մարդկանց վրա: