Աստանայում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի, համագործակցության արդյունքների ու համակարգի հետագա զարգացման հարցեր։
Հաստատվել են խորհրդի քննարկմանը ներկայացված մի շարք փաստաթղթեր, ընդունվել են որոշումներ՝ ուղղված դաշնակցային կապերի հետագա ամրապնդմանը և Հավաքական ուժերի զարգացմանը։
ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում էլ Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նոր «Օրեշնիկ» հրթիռի որոշ բնութագրերի։ Պուտինը նշել է, որ այն զանգվածային ոչնչացման զենք չէ, այլ բարձր ճշգրտության զինատեսակ և չունի միջուկային լիցք։ «Ռազմական և տեխնիկական փորձագետների կարծիքով՝ այդ հրթիռի զանգվածային օգտագործման դեպքում, այսինքն՝ միանգամից մի քանի հրթիռով հարվածի դեպքում դրա հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ»,- ասել է Վլադիմիր Պուտինը: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն ունի մի քանի պատրաստի «Օրեշնիկ» հրթիռային համակարգ։ ՌԴ նախագահը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանն այս գիշեր համալիր հարված է հասցրել Ուկրաինային՝ 90 հրթիռով և 100 անօդաչու թռչող սարքով, ինչի արդյունքում խոցվել է 17 ռազմական օբյեկտ։
Պուտինն իր խոսքում շեշտել է, որ Մոսկվան կպատասխանի արևմտյան հեռահար զինատեսակներով շարունակվող հարձակումներին, այդ թվում՝ «Օրեշնիկի» մարտական փորձարկումների միջոցով։ «Այժմ թիրախներ են ընտրվում Ուկրաինայի վրա հարձակումների համար. դրանք կարող են լինել նաև Կիևի որոշումների կայացման կենտրոնները»,- նշել է Պուտինը նաև հավելել՝ «Օրեշնիկի» սերիական արտադրությունը սկսվել է:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ անդրադարձել է գագաթնաժողովին հայկական կողմի բացակայությանը: «Այսօր ինձ պատիվ է վիճակվել հանդես գալու առաջինը, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում նիստին: Դա, ի դեպ, բնութագրում է ընթացիկ աշխարհաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում և ինչ-որ չափով նաև մեր կազմակերպությունը»,- ասել է Լուկաշենկոն:
Պաշտոնական Երևանը տարեսկզբին հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Հայկական կողմի գնահատմամբ՝ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։
Մանրամասները՝ ռեպորտաժում: