Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը սառեցնելու մասին կառավարության որոշման հետ կապված։ Հայտարարությունից առաջ Զուրաբիշվիլին հանդիպում է ունեցել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և ընդդիմադիր առաջնորդների հետ։
«Այսօր ավարտվեց սահմանադրական հեղաշրջումը, որը շարունակվում է մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ։ Ավարտին հասցվեց Եվրոպայից Ռուսաստան շարժումը։ Եթե ոմանք կասկածներ ունեին, ապա այսօր այդ կասկածները փարատվեցին»,- հայտարարել է նախագահը։
Զուրաբիշվիլու խոսքով՝ «իշխանությունն այսօր հայտարարել է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ՝ սեփական ժողովրդին, սեփական անցյալին ու սեփական ապագային»։
Նա նշել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հարցում այլևս ապացուցելու ոչինչ չկա, ամեն ինչ առավել քան պարզ է։ Զուրաբիշվիլին դիվանագետներին կոչ է արել «կայացնել այնպիսի որոշումներ, որոնք վաղուց պետք է կայացված լինեին», օգնել վրաց հասարակությանը, իսկ ընդդիմադիր առաջնորդներին նա հորդորել է միավորվել, մի կողմ դնել տարաձայնությունները։
Վրաստանի նախագահի խոսքով՝ գլխավոր խնդիրը նոր ընտրություն անցկացնելն է։