Վրաստանի մի շարք քաղաքներում ինքնաբուխ բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է մինչև 2028թ. ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին։
Թբիլիսիում ու Քութայիսում ցուցարարները փակել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակների մոտակա ճանապարհները։ Թբիլիսիում ակցիայի մասնակիցները փակել են Ռուսթավելիի պողոտան։ Նրանց թիվն ավելանում է: Տեղում կենտրոնացած են նաև մեծ թվով ՆԳՆ աշխատակցներ և հատուկ նշանակության ուժեր:
Բաթումիում իշխանությունների ընդդիմախոսները հավաքվել են Եվրոպայի հրապարակում, իսկ Քութայիսում՝ «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ։
Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է ընդդիմությանը, իր նստավայր է հրավիրել ԵՄ երկրների դեսպաններին՝ բանակցությունների համար։