Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի նախկին պատգամավոր, Նիդերլանդների աշխատավորական կուսակցության «Ազգային սկաուտական հանձնաժողովի» նախագահ, առաջնորդության և կանանց հարցերի փորձագետ Մարյա Վախենարին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են իրավահավասարության երաշխավորումն ու խտրականության դեմ պայքարը։ Այս համատեքստում Պաշտպանն անդրադարձել է տարբեր գործընթացներում կանանց մասնակցության խթանմանը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից:
Զրուցակիցներն անդրադարձել են առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Իր հերթին Մարյա Վախենարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության և անձամբ Պաշտպանի դերը կանանց իրավունքների պաշտպանության և խթանման գործում: