Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու:
Նախարարի տեղակալը նշել է, 2025 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ նախատեսող՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը՝ մի շարք սկզբունքային նորամուծություններով: Առանձնացնելով օրենքի որոշ դրույթներ՝ նա շեշտել է, որ ներդրվել է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ, ինչպես նաև նոր մեխանիզմ, ըստ որի կողմերի փոխադարձ համաձայնությամբ հնարավոր է տարաժամկետել, հետաձգել պարտավորության կատարումը։ Նա հիշեցրել է, որ վերոգրյալը հնարավոր էր միայն դատարանի առանձին որոշմամբ, ինչը քաղաքացուց լրացուցիչ ծախս, հավելյալ երկար ժամանակ էր պահանջում:
Անդրադառնալով օրենքի բարեփոխմանը՝ Լևոն Բալյանը նշել է, որ վարույթ ունեցող քաղաքացին օրենքի կիրառումից հետո որոշ դեպքերում կկարողանա կառավարել արգելադրված գույքը՝ վարձակալության հանձնել կամ ինքնուրույն, աճուրդից դուրս վաճառել այն՝ վարձավճարը ու վաճառքի գինը վճարելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին: Նա ներկաներին պատմել է նոր օրենքի ուժով կատարողական թերթի հնացած ինստիտուտից հրաժարվելու մասին:
«Նոր օրենքի կիրառումը հնարավորություն կտա նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը, ներդնել կանխատեսելի, հստակ կարգավորումներ, բարձրացնել կատարման արդյունավետությունը»,-եզրափակել է նախարարի տեղակալը:
Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականցվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։