Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ:
««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Կառավարության առաջարկն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 28-ին հրավիրված նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Հիմնական զեկուցողի խոսքով հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը և այլն՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային ներկայացնելու հնարավորություն:
Օրենսդրական փաթեթով հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով: Դիմումատուն կկարողանա մինչև դիմումի հանձնելը տեղում տեսնել իր վերաբերյալ պարտավորությունների առկայությունը, մարել դրանք, նոր ներկայացնել փաստաթղթերը:
Փոխնախարարն ընդգծել է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաև վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման և դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին: Հարցումները ստացվելու են ու դրանց պատասխանները տրվելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերի արագ վարելուն և թողունակության բարձրացմանը:
«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը և սահմանել համապատասխանաբար 50,000 և 150,000 դրամ համապատասխանաբար 1000 և 25,000 դրամի փոխարեն: Գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում որևէ վերանայման չեն ենթարկվել: Վերոնշյալ պետական տուրքից ազատված կլինեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները:
Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանը, կարևորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, նշել է, որ դրանով կհեշտացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու ընթացակարգերը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություններ է տվել ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, ինչպես նաև ««Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: