Վահրամաբերդի դպրոցի հետ կապված՝ պոստ ֆակտում տեղեկանալուց հետո մանկավարժական խորհրդի որոշման մասին, իրենց հիշեցրել ենք գործող կարգը դպրոցների անվանակոչության մասին, և նույն մանկավարժական խորհրդի նոյեմբերի 26-ի որոշմամբ չեղարկվել է այդ անվանակոչումը: Ինչպես հանձնարարել էիք, մենք կլրացնենք նախարարի 2021 թվականի հրամանը, որպեսզի ավելի հստակեցնենք դահլիճների և սրահների մասին անվանակոչությունները: Այդ մասին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում հնչեցրած միջադեպին:
«Շատ ավելի լավ, որ արագ գործել եք, և ամեն ինչ ընկել է իր տեղը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ, որին վարչապետը դեպքի հետ կապված խիստ նկատողություն էր հայտարարել, ասաց. «Ամբողջությամբ ընդունում եմ Ձեր դիտողությունը և նկատողությունը և միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ միջոցառումը եղել է շաբաթ օրը. անվանակոչումը եղել է գյուղի բնակիչների պահանջով, ծնողխորհուրդ, մանկավարժական խորհուրդ և տնօրինություն»:
Նա նշեց, որ իր հորդորով անվանակոչումը չեղարկվել է, և բոլոր արձանագրություններն ուղարկվել են ԿԳՄՍՆ:
«Բոլորս գիտենք՝ այդ որոշումները ոնց են կայացվում: էլի եմ ասում՝ ես մի օր կգնամ Վահրամաբերդ, տեսնեմ՝ ինչ վիճակ եք ստեղծել Վահրամաբերդում, որ բնակիչները էլ ոչ պրոբլեմ, ոչ դարդ ունեն, ոչ ցավ ունեն, իրենց միակ խնդիրը դասարանն անվանակոչելն է: Դա միակ բանն է, որ մեզ պակասում է երջանիկ լինելու համար»,- ասաց վարչապետը: