Նախորդ շաբաթ մենք տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում դպրոցներից մեկի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ-ում զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անկեղծ ասած` այդ վերնագիրը շատ տարօրինակ թվաց, ընդ որում՝ Շիրակի մարզպետի մասնակցությամբ է այդ արարողությունը տեղի ունենում: Եվ հետևյալն է տեղի ունեցել. մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից պաշտպանության նախարարն ընդհանրապես տեղյակ չէ, ԳՇ պետն ընդհանրապես տեղյակ չէ:
Պրոցեսը տեղի է ունեցել դպրոցում, ԿԳՄՍ նախարարն ընդհանրապես տեղյակ չէ: Տեղի է ունենում մարզպետի մասնակցությամբ, ՏԿԵ նախարարն ընդհանրապես տեղյակ չէ: Սա տեղի է ունենում մի պայմաններում, երբ որ այս դահլիճում տասնյակ անգամներ ես խոսել եմ դրա մասին, և ԿԳՄՍ նախարարն է խոսել այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան:
Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որպեսզի այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկվի այդ որոշումը, որովհետև մենք հասկանում ենք պանդորայի ինչ արկղ ենք բացում, որովհետև Հայաստանում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ և այլն: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այսպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակն ում անունով կոչվի, այն պայմաններում, երբ որ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել, ԿԳՄՍ նախարարությունը չի գնացել այն կանխավարկածով, որ պետք է գրի, որ դա վերաբերում է նաև դասասենյակին, սպորտդահլիճին, բուֆետին, և սա անընդունելի մոտեցում է:
Այսպես հրապարակային Կառավարության նիստում եմ ասում՝ որևէ մեկը հանկարծ չմտածի այս պրոցեսը շարունակելու մասին: Այս պրոցեսը պետք է չեղարկվի, և ես խիստ նկատողություն եմ անում և՛ Շիրակի մարզպետին, և՛ ԳՇ անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ՝ էլի եմ ասում՝ կա պետություն, և կա ապապետություն, ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը, առավել ևս՝ պետական պաշտոնյա, ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի. հետևանքները կլինեն համապատասխան»,- նշեց վարչապետը: