Ես որոշ ժամանակ առաջ սոցիալական ցանցերում շարք եմ սկսել, որ կոչվում է զրույցներ պետության մասին, բայց մտածում եմ, որ այդ վերնագիրը պետք է մի քիչ փոխել՝ ընդլայնել և վերնագրել զրույցներ կամ պատմություններ Հայաստանի Հանրապետության մասին: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց ես կարծում եմ, որ մենք Հայաստանը և մեզ ճանաչելու խնդրի և անհրաժեշտության առաջ ենք կանգնած, և կան պատմություններ և իրավիճակներ, որոնք, մեծ հաշվով, սովորական են մեր իրականության մեջ, բայց կարծում եմ, որ մենք այդ իրավիճակների հետ կապված մեր հայացքը պետք է փոխենք: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք տեղյակ եք, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցավ ռազմական սպորտի միջազգային խորհրդի զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնությունը, որը անվանում ենք ըմբշամարտի բանակային աշխարհի առաջնություն, և պիտի արձանագրեմ, որ մեր զինվոր մարզիկները բավականին հաջող հանդես եկան այդ առաջնությունում և նվաճեցին 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալներ, որը ոչ միայն հաջող, այլև, պետք է խոստովանեմ, անսպասելի հաջող արդյունք է»,- ասաց վարչապետը:
Նա անդրադարձավ առաջնության հետ կապված քննարկումներին: «Ես մի իքս պահի լրահոսում սկսեցի տեսնել տարօրինակ վերնագրեր: Տեսնում էի, որ մեր հայտնի մարզիկները զորակոչվում են բանակ. սա ինձ տարօրինակ թվաց, որովհետև անհասկանալի էր, թե ինչ է տեղի ունենում, և հետո պարզվեց, որ հիմնական խնդիրը այդ մարզիկների բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն էր: Եվ անկեղծ ասած՝ մենք և ես ինքս այստեղ դիսոնանս տեսա, որովհետև ես դրա մեջ որոշակի կեղծ վերաբերմունք տեսա Հայաստանի Հանրապետության բանակի նկատմամբ և այս առաջնության նկատմամբ, և մենք, քննարկելով, եկանք այն եզրակացության, որ սա պետության ռեպուտացիայի հարց է նաև, որովհետև, ըստ էության, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ ՀՀ-ն կառավարությունը, որը, այսպես ասած, արդարության և ֆեյքազերծման ջատագով է, կարող է հայտնվել սխալ իրավիճակներում, որովհետև սա առաջնություն է ոչ թե մարզիկների, ովքեր բանակ են գնում մրցման մասնակցելու համար, այլ սա առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում և բանակում ծառայելու բերումով են այդ մրցումներին մասնակցում: Հարցը հետևյալն էր. մենք ինչպես կարող ենք բանակը դարձնել ընդամենը մրցման մասնակցելու գործիք: Մեր քաղաքական ընդհանոր մոտեցումն այն է, որ մեր հավաքականը ճշգրիտ պետք է համապատասխանի միջազգային այս կազմակերպության կանոնադրության և տառին և ոգուն համապատասխանող տրամաբանությանը, և այս մոտեցումը ձևավորվում է առաջին հերթին պետության և պետական կարևորագույն ինստիտուտներից մեկի՝ բանակի նկատմամբ մեր վերաբերմունքից: Դուք տեղյակ եք՝ ինչ աղմուկներ եղան, ինչ քննարկումներ եղան, բայց արդյունքում պարզվեց, որ մեր բանակում կան մարզիկներ, ովքեր կարող են համաշխարհային հարթակում բարձր տեղեր զբաղեցնել: Այստեղ հարցը հետևյալն է. որ եթե մենք չգնայինք այս տրամաբանությամբ, այս մարզիկներից շատերի մասին մենք չէինք էլ իմանա:
Մենք չէինք կարող թույլ տալ, որ Կառավարությունը ներգրավված լինի որևէ ֆեյք գործընթացի մեջ, և այդ որոշումը այս տրամաբանությամբ արդարացվեց, բայց եթե նույնիսկ չարդարացվեր, ոչ մի մեդալ չնվաճեինք, միևնույն է դա ճիշտ մոտեցում է, մոտեցումը պետք է լիներ այդպիսին, որովհետև դա է պետական մոտեցումը: եթե մենք պետական տրամաբանությունից դուրս դիտենք, կարող ենք ամենատարբեր վերաբերմունքներ արտահայտել և ընկալումներ ունենալ:
Միևնույն ժամանակ ուզում եմ մեր զինծառայողներին նաև շնորհակալություն հայտնել, որ նրանք ի վերջո պրակտիկայում նաև բարոյական առումով լեգիտիմացրեցին մեր այս մոտեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ):