ՀՀ օրհներգի և օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ կկարգավորվեն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ նոյեմբերի 28-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ հիշեցնելով, որ նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է, և որ այն շրջանառության է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից:
«Առաջարկվում է սահմանել օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար:
Եթե գործող օրենքով պարտադիր է օրենքի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Նաև եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման [ժամանակ], ապա նախագծով այն պարտադիր է դառնում այդ ընթացքում տեղի ունեցող պաշտոնական իրադարձությունների ժամանակ:
Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակը՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված 1 միասնական ստանդարտի կիրառման համար:
Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, կգործարկի իր ունեցած գործիքակազմը ՀՀ օրհներգի ստեղծումը և տարածումն ապահովելու համար»,- ասաց նախարարի տեղակալը:
Նախատեսվում է նաև օրհներգի տեքստը վերադասավորել՝ ըստ պետական քաղաքականության տրամաբանության՝ արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, ՀՀ դրոշը, պետականությունը, քաղաքացուն:
«Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, և հետևաբար երկրորդ և երրորդ քառատողերը համապատասխանաբար դառնում են երրորդ և չորրորդ: Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով.
Նայիր նրան երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փոփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»,- նշեց Դանիելյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ անձամբ է մասնակցել նախագծի ձևավորման քաղաքական մասին, քանի որ կարծում է՝ շատ կարևոր օրենսդրական նախագիծ է:
Փաշինյանը նաև կարծում է, որ եթե փոփոխությունների արդյունքը չի հասնում ԴՆԹ մակարդակին, ապա փոփոխությունները տևական և ամբողջական, խորքային չեն կարող լինել:
Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ Փաշինյանը նկատեց՝ ոչ մի բառ փոփոխության չի ենթարկվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածությանը փոփել:
«Բավականին երկար ժամանակ տվել եմ հանձնարարական, որ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ և հասկանալիորեն որոշակի որակական ստանդարտին համապատասխան»,- ասաց նա և ընդգծեց, որ պետք է լուծել նաև տեխնիկական պարամետրերի հարցը, օրհներգը պետք է ունենա ստանդարտ, այն է, թե ինչ տևողության է, ինչ արագության է և այլն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Նախագիծը շրջանառության մեջ է Ազգային ժողովի կայքէջում։