Վիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։
Նախարար Ավանեսյանը գոհունակությամբ է արձանագրել ԱԷՄԳ հետ տարիների վերընթաց համագործակցությունը ուռուցքաբանության ոլորտում ՀՀ կարողությունների մեծացման ուղղությամբ և շնորհակալություն հայտնել Գործակալության կողմից Ուռուցքաբանության ազգային կենտրոնին տարիներ շարունակ տրամադրված աջակցության համար, որը թույլ է տվել մի շարք բարդ ծառայություններ հասանելի դարձնել քաղցկեղ ունեցող պացիենտների համար:
Նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ուռուցքաբանության ոլորտում պետության և մասնավոր հատվածի կողմից կատարված ներդրումները, աշխատանքները։
Գլխավոր տնօրեն Գրոսսին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ուշադրությունը և առողջապահության ջանքերը վերոնշյալ ոլորտում ՀՀ կարողությունների զարգացման ուղղությամբ և վերահաստատել ԱԷՄԳ պատրաստակամությունը շարունակելու աջակցությունն ու ընդլայնել փոխգործակցությունը։