Կառավարությունն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:
««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ առկա են մասնագիտական բնույթի մի շարք աշխատանքներ և ծառայություններ, որոնց հարկումը հարկման հատուկ համակարգերում դեռևս թույլատրված է: Բացի այդ՝ նախագծով ներկայացված մասնագիտական բնույթ ունեցող ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսվարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից: Օրինակ` «շենքերի շինարարություն» հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 2,4 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից, կամ «իրավաբանական և հաշվապահական գործունեություն» հատվածում ներառվող գործունեության տեսակների մասով հարկային բեռը 2023 թվականի համար շրջանառության հարկի համակարգում 3,2 անգամ ցածր է հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռից:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, իրավաբանական և հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտություն և մի շարք այլ մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:
Փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետ Կառավարությունը սահմանել է 2025 թվականի հուլիսի 1-ը:
Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ անձանց հետ, հարցի առնչությամբ անցկացվել են նաև խորհրդարանական լսումներ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կենթարկվի մի շարք փոփոխությունների:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: