«Վրացական երազանքի» նախագահի թեկնածուն կլինի նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։
Կավելաշվիլին, որը իշխող կուսակցությունից պաշտոնապես անջատված «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդներից մեկն էր, հոկտեմբերի 26-ի խորհրդարանի ընտրությունում զբաղեցնում էր «Վրացական երազանքի» ցուցակի 18-րդ հորիզոնականը։
Վրաստանի նախագահին առաջին անգամ կընտրի ոչ թե բնակչությունը, այլ ընտրական կոլեգիան, որում մանդատների մեծամասնություն ունի «Վրացական երազանքը»։
Նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ խորհրդարանի շենքում, իսկ երդմնակալությունը՝ այս տարվա դեկտեմբերի 29-ին։ Ընտրության երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նույնպես տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։
Ընդդիմությունից 61 պատգամավոր, ենթադրաբար, չի մասնակցի քվեարկությանը, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում 11-րդ գումարման խորհրդարանի լեգիտիմությունը։