ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և Սպիտակ տան հեռացող ղեկավար Ջո Բայդենը հուշագիր են ստորագրել, որով մեկնարկում է երկրում իշխանության փոխանցման շրջանը՝ ընտրությունում հանրապետականների հաղթանակից հետո։ Այս մասին հայտնել է Թրամփի անցումային թիմը։
Որպես կանոն՝ անցումային գործընթացը սկսվում է ընտրության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո: ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը մինչև նոյեմբերի 9-ը «ակնհայտ» հաղթողին տեղեկացնում է իշխանության փոխանցման համար միջոցների, գրասենյակի և այլ ռեսուրսների հատկացման մասին: Նախորդ ընտրական շրջանում այս գործընթացը ձգձգվել էր Թրամփի՝ պարտությունն ընդունելուց հրաժարվելու պատճառով։
Այս տարի Բայդենի վարչակազմն անմիջապես հայտարարել է իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու պատրաստակամության մասին։ Նոյեմբերի 13-ին Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ՝ քննարկելու անցումային գործընթացի մանրամասները։
Թրամփի անցումային թիմը ավելի վաղ հայտարարել էր հարկատուների գումարները խնայելու և նվիրատվությունների միջոցով աշխատելու որոշման մասին: Այն նաև չի նախատեսում ընդունել օտարերկրյա նվիրատվություններ և օգտագործել պետական գույքը, տեխնոլոգիան կամ այլ դաշնային սեփականություն:
ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմը նախագահի ընտրության արդյունքները պաշտոնապես կհաստատի 2025 թվականի հունվարի 6-ին։ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը նշանակված է 2025 թվականի հունվարի 20-ին։