Հրադադարին համաձայնելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ենթարկվել է ինչպես ընդդիմադիր քաղաքական գործիչների, այնպես էլ իշխող կոալիցիայի որոշ նախարարների քննադատությանը։ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը X սոցիալական ցանցում համաձայնագիրն անվանել է «պատմական սխալ»։
Ժողովրդին ուղղված ուղերձում Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարը կարող է ավարտվել ցանկացած պահի, եթե «Հըզբոլլահը» խախտի պայմանավորվածությունը: Նա վստահեցրել է, որ իրենք լուրջ հարված են հասցրել այդ խմբավորմանը։
Նեթանյահուն նշել է, որ համաձայնել է զինադադարին երեք «կարևոր պատճառով»՝ կենտրոնանալ «իրանական սպառնալիքի» վրա, հանգիստ տալ զորքին և մեկուսացնել ՀԱՄԱՍ-ին:
Ըստ ԶԼՄ-ների՝ մինչ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադարի ուժի մեջ մտնելը, հակամարտող կողմերը՝ ՑԱՀԱԼ-ն ու «Հըզբոլլահը», հարվածներ են հասցրել միմյանց թիրախներին: Միաժամանակ իսրայելական և լիբանանյան բանակների ներկայացուցիչները՝ անվտանգության նկատառումներով, երկու կողմի սահմանային շրջանների բնակիչներին կոչ են արել հետաձգել վերադարձն իրենց բնակավայրեր: