Նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության պետնախարար Նուրա բին Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակությամբ արձանագրել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների առկայությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար առկա ներուժի կիրարկումը։
Երկուստեք ընդգծվել է բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել երիտասարդության, կրթության, առողջապահության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը: