Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի իշխանությունները չեն փակել Բեռլինում ռուսական Առաջին ալիքի գրասենյակը, խնդիրը կարող է կապված լինել վիզաների հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ գերատեսչության ներկայացուցչին հղումով։
«Ռուս լրագրողները կարող են ազատ և անարգել լուսաբանել Գերմանիայում տեղի ունեցող իրադարձությունները, մի շարք ռուս լրագրողներ հավատարմագրված են Մամուլի դաշնային գրասենյակի կողմից»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի իշխանությունները որոշել են փակել ռուսական Առաջին ալիքի գերմանական բյուրոն, որի աշխատակիցներ Իվան Բլագոյին և Դմիտրի Վոլկովին հրահանգվել է լքել երկիրը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն դա անվանել է միջազգային հաղորդակցության բոլոր հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում։
Այդ տեղեկությունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ի պատասխան հեռացնում է գերմանական ARD մեդիախմբի երկու լրագրողի, և հեռուստաալիքը կարող է Ռուսաստան նոր աշխատակիցներ ուղարկել այն դեպքում, եթե վերսկսվի Բեռլինում Առաջին ալիքի թղթակցային կետի աշխատանքը: