Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա անհամապատասխանությունների վերհանման և շտկման տրամաբանությամբ, ինչպես նաև ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական հստակ հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում և իրականացնել առավել արդյունավետ վերահսկողություն:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին չբախվել արհեստածին խոչընդոտների թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ վաճառակետերում իրացվող արտադրանքի նկատմամբ իրականացվող տեսչական գործողություններում: «Նախագծի ընդունման արդյունքում որակական առումով կունենանք իրականացնող մարմնի կողմից առավել արդյունավետ վերահսկողության իրականացում՝ զերծ արհեստածին խոչընդոտներից և գործող օրենքում առկա բացերից, ինչպես նաև սպառողի շահերի պաշտպանություն»,- մանրամասնել է էկոնոմիկայի նախարարը:
Գևորգ Պապոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ հարգորոշման, անվանանիշերի կիրարկման վերաբերյալ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: