Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներին առաջարկել է երկրի նախագահի ընտրությունն անցկացնել դեկտեմբերի 14-ին:
«Համապատասխանաբար, ըստ մեր օրենսդրության, երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին խորհրդարանի բյուրոյի նիստում:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահի ընտրությունն անցկացվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո՝ 45 օրվա ընթացքում։ Վրաստանի նախագահն առաջին անգամ կընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկության միջոցով, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից բաց քվեարկությամբ: Կոլեգիան բաղկացած է 300 անդամից, ներառյալ՝ խորհրդարանի բոլոր 150 պատգամավորները, Աբխազիայի Գերագույն խորհրդի 20 անդամը, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 անդամը և տեղական ինքնակառավարման 109 ներկայացուցիչ: Վրաստանի նախագահն ընտրվելու է 5 տարի ժամկետով: