Արևմուտքի երկրները ձախողել են ուկրաինական հակամարտությունում, բայց նրանք չեն հանգստանա և կփորձեն քաոս ստեղծել ԱՊՀ երկրների տարածքում՝ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Նրա խոսքով՝ Արևմուտքն ամենուր ապակայունացնում է իրավիճակը, իսկ դրա լավագույն օրինակը, ըստ ռուս պաշտոնյայի, Ուկրաինան է, որը «գայթակղվեց» եվրաինտեգրմամբ:
«Որպես հետևանք՝ այսօր Ուկրաինան չկայացած պետություն է, այսինքն՝ պետություն, որն ի վիճակի չէ պահպանել իր գոյությունը որպես կենսունակ քաղաքական և տնտեսական միավոր»,- ընդգծել է Նարիշկինը:
Նրա խոսքով՝ ներկայումս Ուկրաինայի ճանապարհով է գնում նաև Մոլդովան:
Նարիշկինը նաև հավելել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը։
«Մեզ պետք է ամուր և երկարաժամկետ խաղաղություն: Ընդ որում՝ այդ խաղաղությունը պետք է ապահովված լինի առաջին հերթին մեզ՝ Ռուսաստանի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներիս համար։ Բայց այդ խաղաղությունը պետք է ապահովվի նաև ամբողջ եվրոպական մայրցամաքի համար։ Եվ խաղաղության ապահովման պայմանը այն պատճառների վերացումն է, որոնք առաջացրել է հենց այսպես կոչված ուկրաինական հակամարտությունը»,- ասել Է Նարիշկինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, իսկ դրանց պայմանները հնչեցրել Է ՌԴ նախագահը հունիսին ԱԳՆ ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ: