Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց վարչապետի միջամտության, և այդ միջամտությունը կայանալու է հետևյալում․ առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ։ Քննարկելով նաև ՔՊ վարչության հետ՝ եկել եմ եզրակացության, որ այդտեղ միանձնյա վարչական որոշմամբ չէ, որ պետք է նշանակում իրականացնեմ։ Այդ նպատակով առաջիկայում Գյումրիում տեղի կունենան նախնական քվեարկություններ կամ ընտրություն, որն ընդունված է միջազգայնորեն անվանել «փրայմըրիս։ Ո՞րն է իմաստը․ մենք կխնդրենք ՔՊ անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, նրանց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք, որից հետո Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե՝ ոչ բոլորի, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով նաև պատահականության սկբունքով, կիրականացնենք քվեարկություն, դրանց արդյունքով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը մեծ հավանականությամբ կլինի նաև մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում։ Նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-9-10-ին»,- տեղեկացրել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։